воскресенье, 28 августа 2011 г.

ՀԱՅՐԻԿ (Հայրիկիս` Հենրիկ Հրաչիկի Ալիխանյանին)

ՀԱՅՐԻԿ


Դե, բարև, Հայրիկ...
Ահա և նորից մենք հանդիպեցինք:
Այս անգամ արդեն ոչ թե երազում,
Ու ոչ էլ, ավա՛ղ,
Ոչ,
Իրականում:
Ես քո շիրմի մոտ
Կանգնած եմ թևատ,
Խոսում եմ քեզ հետ,
Իսկ դու ժպտում ես նկարից գունատ,
Կարծես զսպելով ձայնդ լացախեղդ:
Նորից լեղահամ այս ցավը հզոր
Սիրտս է լցվում,
Զգո՛ւմ ես կանչս` վաղուց մենավոր,
Որ քեզ է կանչում:
Առանց հարազատ ու ջերմ աչքերիդ
Լրիվ մենացել,
Առանց հայրական սուրբ խրատներիդ
Ես որբ եմ դարձել:
Առանց քո տաքուկ, սիրող հայացքիդ
Լրիվ քարացել...
Եվ քո իմաստուն ու խոր մտքերին
Կարոտ մնացել:

Դե, ահա, Հայրիկ,
Նորից միասին,
Դեմ - դիմաց նստած,
Ես նայում եմ քեզ,
Իսկ դու իմ կյանքին
Շա՛տ վաղուց մեռած:
Հոգնել են երգերս
Կյանքի անիմաստ խաչմերուկներում,
Մոլորվել այնքան,
Որ հոգուս կանչին արդեն չեն ձայնում:
Օգնի՛ր ինձ, Հայրիկ,
Օգնիր մոռանամ ես ունայնությունն,
Օգնիր մոռանամ...
Ու վերադառնամ ես իմ մանկություն...
Գոնե երազով,
Գոնե պատրանքի թևով բազմալիք
Ետ վերադառնամ,
Փարվեմ քեզ սիրով իմ կարոտալի:
Թողնեմ այս անվերջ
Ու անխիղճ դարձած հերյուրանքը կյանքի,
Գոնե երազով ես անհոգ զգամ`
Զգալով կողքիդ:
Նայեմ աչքերիդ ամենաբարի,
Ինձ փոքրիկ զգամ,
Իսկ դու մանչուկիդ, անզոր, պաշտպանիր,
Ուժ տուր
Ու հզոր հայրական պատգամ:
Քո մահով, կարծես,
Փշրվեց աշխարհն ու
Ես անտուն դարձա,
Դարձա ես անտեր,
Դարձա անհավատ,
Ես անզորացա՛:
Օգնիր ինձ, Հայրիկ,
Օգնիր չծալվեմ դժվարության դեմ,
Չէ որ քեզ նման,
Այո՛, քեզ նման,
Ես շա՛տ հպարտ եմ:
Գրկիր ինձ, Հայրիկ,
Գոնե մեկ անգամ
Համբուրիր, Հայրի՛կ:
Իմ սրբությունն ես,
Մատուռը հոգուս,
ՕՐՀՆԻ՛Ր ԻՆՁ, ՀԱՅՐԻ՛Կ:

5.07.2010


© Copyright: Հրաչուհի Ալիխանյան, 2010
"ՄԵՆԱԽՈՍՈւԹՅՈւՆ"
http://youtu.be/UTCTtwPXzFw